Կրծքագեղձի առողջություն



  • «Առողջ կրծքագեղձ» նախագիծը ՀԵՆԱՐԱՆ բարեգործական հիմնադրամի շարունակական ծրագրերից մեկն է, որը մեկնարկել է 2015թ․ սկզբին:
    Մեր օրերում զանգվածային լրատվամիջոցները տեղեկատվության լայն հնարավորություններ են ընձեռում․ կանայք կարող են համացանցում գտնել անհամար հոդվածներ կրծքագեղձի հիվանդությունների, բուժման մեթոդների, հաճախ նաև կեղծ գիտության և ժողովրդական միջոցներով ինքնաբուժության մասին։ Ցավոք, դրանց մեծ մասը արտատպում է և, մեղմ ասած, կասկածելի է իր ճշգրտությամբ, ինչը երբեմն շփոթություն է ստեղծում ոչ միայն պացիենտների, այլև անգամ ոչ նեղ մասնագետ-բժիշկների համար:  Հետևելով «Առողջ կրծքագեղձ» նախագծի գործունեությանը www.breast.am կայքում՝ Դուք պարբերաբար կստանաք մասնագիտական հավաստի տեղեկություններ կրծքագեղձի ֆիզիոլոգիայի, հիվանդությունների, ախտորոշման ժամանակակից մեթոդների ու զանազան հիվանդությունների բուժման վերաբերյալ։ Կարևորն այն է, որ այստեղ հրապարակված նյութերը կազատեն Ձեզ հաճախ հանդիպող ապատեղեկատվության վտանգից, և Դուք ստիպված չեք լինի այլ տեղերում փնտրել կրծքագեղձի՝ Ձեզ հետաքրքրող հիվանդությունների մասին մասնագիտական ճշգրիտ տեղեկություններ: «Առողջ կրծքագեղձ» նախագծի առաքելությունն է օգնել կանանց ունենալ առողջ կրծքագեղձ։ Նախագիծը ստեղծման օրից ի վեր մեկ նպատակ է հետապնդում. կրթել հայ կնոջը` սովորեցնելով նրան հարգել սեփական առողջությունը: Կարևորելով կնոջ դերը յուրաքանչյուր ընտանիքում և, առհասարակ, առողջ հասարակություն ունենալու գործում՝ ևս մեկ անգամ կոչ ենք անում․ ՀԵՏԵՎԵ՛Ք Ձեր առողջությանը, հետազոտվե՛ք, անգամ եթե որևէ գանգատ չունեք: Տեղին է նշել, որ պետք չէ վախենալ ախտորոշումից, ընդհակառակը․ ժամանակին և պարբերաբար հետազոտվելը միակ և ամենաարդյունավետ միջոցն է խուսափելու ուշ հայտնաբերված քաղցկեղի վտանգից: Մեր նպատակն ավելին է, քան պարզապես փրկել Ձեր կյանքը:
    «Առողջ կրծքագեղձ» նախագծի շրջանակում 2015թ․ ստեղծվել է «Եվրոպա Դոննա Արմենիա» կրծքագեղձի քաղցկեղով պացիենտների կազմակերպությունը Հայաստանում։

    Կրծքագեղձի ինքնազննման թերթիկ 2.6ՄԲ(pdf)
    Կրծքագեղձի բիոպսիայի թերթիկ 720ԿԲ(pdf)

ԿՍՊ գործունեությունը


  • ՀԵՆԱՐԱՆ հիմնադրամը, համագործակցելով Հայաստանում մասնավոր ընկերությունների հետ, 2017թ-ին մեկնարկեց իր Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) ծրագիրը, որի հիմնական նպատակն է քաղցկեղի կանխարգելման և Հայաստանում բուժման հասանելի տարբերակների մասին հասարակության իրազեկվածության բարձրացումը:
    ԿՍՊ ծրագրի ուղղություններից մեկը ներառում է Երևանում և Հայաստանի մարզերում խոշոր գործատուների հետ համատեղ կազմակերպված տեղեկատվական սեմինարներ՝ աշխատանքային ժամերի ընթացքում և գործատուի տարածքում։ Սեմինարների նպատակն է բարձրացնել տվյալ գործատուի անձնակազմի տեղեկացվածությունն ուռուցքային հիվանդությունների, մասնավորապես` Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման և բուժման վերաբերյալ: Վերջին երեք տարվա ընթացքում նման սեմինարներ են կազմակերպվել ավելի քան 20 ընկերությունների հետ՝ ՀՀ Պաշտպանության նախարարություն, ՏՏ ոլորտի ընկերություններ, Հայաստանի մանուկներ հիմնադրամ, ՎիվաՍել, Արտ Լանչ, ibis Yerevan Center հյուրանոց և այլն: Այս սեմինարների ընթացքում ՀԵՆԱՐԱՆ հիմնադրամի փորձագետը՝ կրծքագեղձի վիրաբույժ և ուռուցքաբան Արթուր Ավետիսյանը ներկայացնում է կրծքագեղձի առողջության թեմայով հաստատված տեղեկություններ. կրծքագեղձի կառուցվածքը և դրա առողջ դրսևորումներն ու փոփոխությունները, կանոնավոր ինքնազննման կարևորությունը, կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի գործոնները, վիճակագրությունը, վաղ հայտնաբերման առավելությունները և բուժման տարբերակները Հայաստանում: Բացի այդ, ներկայացվում են թեմային վերաբերող հատուկ գործիքներ. www.breast.am հայալեզու տեղեկատվական կայքն իր ներկառուցված հաշվիչով, որով կինը կարող է հաշվել իր կյանքի ընթացքում կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանական ռիսկը, թեմատիկ ալիքը Youtube-ում և տեղեկատվություն թերթիկներ։ Սեմինարները, սովորաբար, ընթանում են շատ դրական մթնոլորտում, մասնակիցներն ակտիվ են և մեծ հետաքրքրությամբ են արձագանքում ներկայացվող տեղեկատվությանը՝ հնչեցնելով բազմաթիվ ընդհանուր և անհատական բնույթի հարցեր: Շարունակական արձագանքը վկայում է, որ նման սեմինարները բարձր են գնահատվում ինչպես գործատուների, այնպես էլ աշխատակիցների կողմից, քանի որ օգտակար են բոլորին և բարձրացնում են իրազեկվածության մակարդակը՝ խորացնելով սեփական առողջության նկատմամբ զգոնությունը։ ԿՍՊ ծրագրի մեկ այլ ուղղությամբ էլ ՀԵՆԱՐԱՆ հիմնադրամն աջակցում է քաղցկեղ վերապրածներին աշխատանքի տեղավորման հարցում` Հայաստանում մասնավոր ընկերությունների հետ ձևավորված գործընկերության շնորհիվ:

    Ֆեյսբուք - Առողջ Կրծքագեղձի սեմինարի մասին
    Ֆեյսբուք - ԿՍՊ Ծրագրի մասին


Մերսման աթոռ


  • 2018թ․ փետրվարին ՀԵՆԱՐԱՆ հիմնադրամը գործարկեց Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) առանձին մի նախագիծ, որն իրականացվում է «Վիասֆեր Տեխնոպարկ» ՓԲԸ-ի հետ համատեղ: Կարևորելով այսպիսի գործընկերությունը և կորպորատիվ հոգատարություն ցուցաբերելով աշխատակիցների նկատմամբ, Վիասֆեր Տեխնոպարկը ողջունեց ԿՍՊ նախագծի գաղափարը և իր տարածքում համապատասխան հարմարություններով անկյուն հատկացրեց՝ ՀԵՆԱՐԱՆ հիմնադրամին պատկանող մերսման աթոռը տեղադրելու և շահագործելու համար: Մերսման աթոռը ՀԵՆԱՐԱՆ հիմնադրամին նվիրաբերվել է ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի կողմից՝ նախքան 2017թ․ օգոստոսին գրասենյակի պաշտոնական փակվելը: Անչափ շնորհակալ ենք ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակին այսպիսի արժեքավոր նվերի համար։
    Այս նախագծի շրջանակում Վիասֆեր Տեխնոպարկի և տարածքում գործող բոլոր ընկերությունների աշխատակիցները (մոտ 1,200 մարդ) կարող են կարճ ժամանակահատվածով (5-15 րոպե) մերսման աթոռն օգտագործել ինքնասպասարկման հիմունքներով: Լինելով սոցիալապես պատասխանատու գործատու՝ Վիասֆեր Տեխնոպարկն իր աշխատողներին հնարավորություն է տալիս աշխատանքային օրվա ընթացքում թարմանալ կարճատև ընդմիջումներով և օգտվել մարմնի մերսումից՝ դրանով իսկ նպաստելով աշխատակիցների առողջ ապրելակերպին:
    Մերսման աթոռի շահագործումից ստացված ողջ հասույթը փոխանցվում է ՀԵՆԱՐԱՆ հիմնադրամին, որի միջոցով Հայաստանում քաղցկեղով հիվանդների համար կազմակերպվում է հոգեսոցիալական և իրավական օգնություն, ինչը նույնքան կարևոր է, որքան դեղորայքային բուժումը:

    Ֆեյսբուք - "Մերսման աթոռ" ծրագրի մասին